Արմեն Ավակ Ավակյան. Հիմնադրամում ավելացնելու եմ բիզնես տրամաբանությունը

09.06.2017 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արմեն Ավակ Ավակյան #Զարգացման հիմնադրամ
Banks.am-ը զրուցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հետ:

- Պրն Ավակյան, վերջերս եք նշանակվել Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում կազմակերպության ռազմավարության եւ գործունեության մեջ:

- Հիմնադրամի առաքելությունը չի փոխվել. այն կոչված է նպաստելու Հայաստանում արտահանմանը, ներդրումների աճին եւ զբոսաշրջության զարգացմանը: Պարզապես ցանկանում եմ փոխել գործունեության մեթոդոլոգիան, այսինքն՝ այն ուղիները, որոնց միջոցով հասնելու ենք մեր առջեւ դրված նպատակներին:

Հիմնադրամը մինչեւ օրս բավական լավ է աշխատել, գրանցել է զգալի հաղթանակներ, որոնց արդյունքում անցած տարի ստացվել է ավելի քան 2 մլրդ դրամի արտահանման 85 պայմանագիր, իսկ 45 ներդրող հետաքրքրվել է Հայաստանով, նրանցից միայն երկուսը մտադրվել են այստեղ շուրջ $5 մլն գումար ներդնել: Այդուհանդերձ, ըստ իս, հիմնադրամի ամբողջական պոտենցիալն օգտագործած չէ: Մենք այսօր այնտեղ չենք, որտեղ կցանկանայինք լինել:

Ստանձնելով հիմնադրամի ղեկավարի պաշտոնը՝ նախատեսում եմ, առաջին հերթին, փոփոխություններ կատարել հիմնադրամի գործելաոճում, ավելացնել բիզնես տրամաբանությունը: Ներդրողը մեզ պետք է դիտարկի ոչ թե որպես պետության մի թեւ, այլ առանձին հիմնադրամ, որի հետ կարելի է խոսել բաց եւ ազատ:

Հիմնադրամն ուղղակիորեն ներառված չէ պետական կառուցվածքում, ինչը մեզ տալիս է որոշակի առավելություններ: Նախ, մենք ի վիճակի ենք ռեսուրս ներգրավել այլ աղբյուրներից, այդ թվում՝ դրամաշնորհային ծրագրերից եւ դոնորներից: Երկրորդ, մեր գործունեության մեջ ավելի ճկուն ենք. մեր ձեռքերը հասնում են այնպիսի տեղեր, որոնք պետական ապարատին դժվար հասանելի են: Եվ երրորդ՝ մենք ներդրողների համար կարող ենք հանդես գալ նոր, հետաքրքիր իմիջով, ինչը դժվար է պետության համար, քանի որ վերջինս սահմանափակված է իր պրոտոկոլներով:

- Մինչ այս հիմնադրամի գործառույթներում առանցքային դերը հատկացված է եղել փառատոնների եւ համաժողովների անցկացմանը. որքանո՞վ են արդյունավետ եղել այս միջոցառումները: Գործնականում ի՞նչ ձեւով են արտահայտվելու Ձեր նշած գործելաոճի փոփոխությունները:

- Իսկապես, նախկինում հիմնադրամի ժամանակի եւ ռեսուրսների հիմնական մասն ուղղվել է էքսպոների եւ նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը, մինչդեռ դրանք, ըստ իս, կազմակերպության գործունեության փոքր մասը պետք է կազմեն: Միջոցառումը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է դիտարկվի որպես կոնկրետ նպատակի հասնելու գործիք: Ես, լինելով բիզնես խորհրդատու, կենտրոնացած եմ արդյունքի վրա եւ հավատացած եմ, որ, անկախ ամեն ինչից, ամենաէականը վերջնական արդյունքն է:

Հիմնադրամն ապագայում տեսնում եմ որպես նախագծերի մշակման եւ ներդրողներին դրանց ներկայացման հարթակ:

Ընդհանրապես, ցանկացած նախագծի ամբողջական պատրաստումը (ինժեներական եւ ֆինանսական բաղադրիչներ, շուկայի ուսումնասիրություն եւ այլն) բավական թանկ ծառայություն է: Մեծ թվով նախագծերի մշակումը մեր տեսանկյունից ձեռնտու չէ, քանի դեռ նման 10 ծրագրից փաստացի ներդրող կարող է գտնել միայն մեկը: Հետեւաբար, մենք պետք է կենտրոնանանք նախագծերի մինի տարբերակներ մշակելու վրա. ես դա նմանացնում եմ կինոյի թրեյլերին: Այն պետք է պարունակի այն նվազագույն ինֆորմացիան, որ բավարար լինի ներդրողին հետաքրքրելու համար եւ, միաժամանակ, լինի հնարավորինս քիչ ծախսատար: Հետագայում, երբ ներդրողը հետաքրքրվի ծրագրով, կարող է «գնել տոմսը» եւ ծանոթանալ ծրագրի մնացած մասին: Հիմնադրամը պետք է նմանատիպ նախագծային հարթակ դառնա. նախադրյալները կան, սակայն դեռեւս համակարգված չեն:

- Զարգացման հիմնադրամի գործառույթներով արդեն իսկ լիազորված են առանձին մարմիններ, օրինակ՝ զբոսաշրջության զարգացմամբ զբաղվում է Զբոսաշրջության պետական կոմիտեն: Այս առումով չե՞ն կրկնվում արդյոք հիմնադրամի եւ պետական այլ մարմինների գործառույթները։

- Հայաստանի զարգացման հիմնադրամն իր գործունեության ընթացքում առնչվում է հիմնականում 4 պետական կառույցների հետ, դրանք են՝ Զբոսաշրջության կոմիտեն, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը եւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Մենք չորսս՝ վարչապետի հովանու ներքո, մեկ թիմ ենք, եւ յուրաքանչյուրս ունի իր հստակ պարտականությունները:

Տրամաբանությունը հետեւյալն է՝ պետական մյուս 3 մարմինները Զարգացման հիմնադրամից գերակա են (upstream), պատկերավոր ասած՝ նրանք ուղեղն են, իսկ մենք՝ ոտքերն ու ձեռքերը: Նրանք հիմնականում զբաղվում են ռազմավարության եւ քաղաքականության մշակմամբ, իսկ մենք, ստանալով համապատասխան ազդակները, կիրառում դրանք մեր նախագծային աշխատանքներում: Ենթադրենք, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նախարարության հետ քննարկումից հետո հայտարարում է, որ 10 տարում Հայաստանի ՀՆԱ-ի 25%-ը պետք է կազմի ՏՏ ոլորտը, եւ ըստ դրա նախատեսվում են օրենսդրական, հարկային բարեփոխումներ: Ես այս հայտարարությունից ստանում եմ ազդակ՝ իմ թիմին ասելու, որ նոր ներդրումային նախագծեր մշակելիս կենտրոնանան ՏՏ ոլորտի վրա, քանի որ պետությունը դա է տեսնում որպես զարգացման ուղղություն:

Նույն տրամաբանությամբ՝ Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծում է տեսլականը, մենք իրականացնում ենք նախագծեր, գովազդային արշավներ, մշակում ֆեյսբուքյան էջը, կայքը եւ այլն: Եթե հիմնադրամն աշխատի մի նախագծի վրա, որը չի տեղավորվում կոմիտեի տրամաբանության մեջ, դա կլինի անարդյունավետ:

Զբոսաշրջության եւ, ընդհանրապես, ՀՀ տնտեսության զարգացման համար որոշակի ֆոկուս է պետք, իսկ հիմնադրամը պետք է լինի այն լոկոմոտիվը, որ մասնավոր հատվածին կտանի դեպի այդ նշանակետը:

- Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի տնտեսական զարգացումը: Ըստ Ձեզ, որո՞նք են այն հաջորդական քայլերը, որոնք կխթանեն ներդրումները եւ ի՞նչ դեր ունի այստեղ Զարգացման հիմնադրամը:

- Հայաստանի տնտեսության ներկայիս պասիվությունն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները. տրամաբանական է, որ ներդրողը երկու փակ եւ մեկ կիսաբաց սահման ունեցող երկիրը ռիսկային կհամարի: Ամեն դեպքում, հուսով եմ, որ ԵԱՏՄ շուկայի բացումն ու Իրանի հետ հարաբերությունների սերտացումը լավ խթան կդառնան դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:

Ըստ իս՝ ներդրումների ներգրավման գործընթացն արդեն սկսվել է, առնվազն՝ փոխվել է ներդրողների տրամադրվածությունը, կա դրական տեղաշարժ առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշներում: Այդուհանդերձ, այս ներդրումների շոշափելի արդյունքների համար ժամանակ է պետք:

Հայաստանում ներդրում կատարելու առավել գրավիչ ոլորտները, ըստ իս, ՏՏ ոլորտն ու զբոսաշրջությունն են: Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ՏՏ ոլորտում, հաջողության պատմությունները շատ են՝ մեծ ընկերություններից մինչեւ ստարտափներ: Հարթակը կա, կոմունիկացիաները եւս, բացի այդ, հայը, ի ծնե, մաթեմատիկական ունակություններ ունեցող եւ ստեղծագործ ազգ է: Խոստումնալից է նաեւ զբոսաշրջությունը, որն արագ զարգանում է Հայաստանում. այս տարի շուրջ 20% աճ ունենք ոլորտում:

Ինչ վերաբերում է Սփյուռքից ներդրումների ներգրավմանը, ըստ իս՝ սփյուռքահայ, հայ, ամերիկացի, ֆրանսիացի՝ ոչ մի տարբերություն չկա. ներդրողը բիզնեսմեն է, եւ նրանց հետ պետք է խոսենք բիզնեսի լեզվով: Անկախ ամեն ինչից, սփյուռքահայերին ներգրավելը կարող է ավելի հեշտ լինել՝ էմոցիոնալ գործոններով պայմանավորված, սակայն զգացմունքների վրա կենտրոնանալը ճիշտ չէ, քանի որ վերջիվերջո, ներդրողի նպատակը շահույթ ստանալն է:

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությունն ուղղված է նաեւ արտահանմանը: Ինչպե՞ս եք պատրաստվում նպաստել արտահանման աշխուժացմանը: Ո՞ր ճյուղերն արտահանման ներուժ ունեն եւ ո՞ր երկրներն են պոտենցիալ շուկա Հայաստանի համար:

- Կդժվարանամ որեւէ կոնկրետ պատասխան տալ, 1-2 շաբաթ է, ինչ այս գործի մեջ եմ, վերլուծության թվային մասին դեռեւս ամբողջովին չեմ տիրապետում: Կարող եմ ասել, որ շուկաները հստակ են. մեզ ներկայում ամենահասանելին են ԵԱՏՄ երկրները, Իրանը՝ որոշ չափով, եւ հետզհետե ավելի հասանելի է դառնում Մերձավոր Արեւելքը:

Արտահանման մեջ կախարդական փայտիկ չենք ունենալու. ես չեմ հավատում արագ արդյունքների: Որքան արդյունքն արագ է, այնքան ավելի ռիսկային է, իսկ կայուն զարգացումը ժամանակ է պահանջում: Օրինակ՝ «Թամարա Ֆրութ»-ը վերջերս պայմանագիր է կնքել Աբու Դաբիի հյուրանոցների հետ եւ պատրաստվում է ապրանք արտահանել այնտեղ. ծավալները դեռեւս մեծ չեն, սակայն դրանք գնալով կավելանան: Այսինքն՝ անգամ այն պայմանագրերը, որոնք այս տարի կստորագրվեն, իրենց բուն «պտուղները» կտան ավելի ուշ:

Մենք ոչ թե պետք է «ջեք-փոթի» ձգտենք, այլ ճիշտ հարթակ ստեղծենք եւ համակարգված կերպով աջակցենք, որ բիզնեսն ինքնըստինքյան զարգանա: Մենք չպետք է խառնվենք բիզնեսի գործերին, այլ պարզապես կողքից աջակցենք նրան. բիզնեսից առավել շահագրգռված կողմ չի կարող լինել:

- Ըստ Ձեզ՝ չափազանցված չէ՞ր արդյոք «Թամարա Ֆրութ»-ի կնքած պայմանագրի շուրջ ոգեւորությունն ու դրա ստացած հնչեղությունը:

- Ասեմ՝ ինչն է պատճառը: Երբ պետական մարմինները արտահանման մասին որեւէ թիվ են հնչեցնում, այս տեղեկատվության թիրախային խումբը շատ նեղ է: Սակայն երբ այս վիճակագրությունը նաեւ դեմք է ստանում, տվյալ դեպքում՝ «Թամարա Ֆրութ»-ը, հասարակության արձագանքը շատ ավելի բուռն է լինում: Մինչդեռ նման արդյունքները շատ են. օրինակ, միայն երկու ցուցահանդեսներից հայկական տեքստիլ ընկերությունները 740 մլն դրամի պատվերով են վերադարձել: Ընկերություններից մի քանիսը 100 մլն դրամը գերազանցող գործարքներ են կնքել, որոնց մասին նույնպես առաջիկայում կլսեք: Սննդամթերք վերամշակողների պայմանագրերը նույնպես միլիոններով են հաշվվում: Իսկ հիմնադրամի կողմից սուբսիդավորած 12 ընկերություններ միայն մեկ տարվա ընթացքում 25 մլրդ դրամի արտադրանք են թողարկել՝ 21,7%-ով ավելացնելով ծավալները: Դրանից 19 մլրդ դրամի արտադրանքը, ի դեպ, արտահանվել է:  

- Որո՞նք են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի հիմնախնդիրները եւ ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

- Զբոսաշրջության ոլորտում աճ ապահովելու համար գոյություն ունի երկու ճանապարհ՝ ավելացնել այցելությունների թիվն ու կապիտալիզացիան, ընդ որում՝ անհրաժեշտ է աշխատել երկու ուղղություններով միաժամանակ: Անցած տարի Հայաստան է այցելել շուրջ 1,2 մլն զբոսաշրջիկ՝ միջինում մեկ անձի հաշվով ծախսելով $750: Զբոսաշրջային մեծ հոսք ունեցող վայրերում, օրինակ՝ Գառնիում, պետք է նպաստել ծախսվող գումարի չափի ավելացմանը, իսկ քիչ այցելություն ունեցող վայրերում՝ խթանել զբոսաշրջային հոսքերը:

Իմ կարծիքով՝ պետք է սկսել արդեն այցելուներ ունեցող վայրերից, քանի որ դրանց կապիտալացման մակարդակի բարձրացումն ավելի քիչ ներդրումներ է պահանջում:

Երեւանից Գառնի ճանապարհը 15-20 րոպե է, որի ընթացքում զբոսաշրջիկը ոչ մի զբաղմունք չունի. ճանապարհին գրեթե բացակայում են սննդի կետերը, հուշանվերների խանութները եւ այն ամենը, որտեղ կարելի է գումար ծախսել: Տարեկան Գառնի է այցելում շուրջ 240 հազ. անձ՝ այնտեղ թողնելով մեկ անձի հաշվով միջինը 90 դրամ, մինչդեռ, ըստ իս, պետք է գոնե $10-20 մնար: Այսինքն՝ պատշաճ մակարդակի կապիտալիզացում չի արվում:

Գառնիի նկատմամբ առկա է ներդրումային հետաքրքրություն, եւ գործարարներից մեկի հետ ներկայում աշխատանք ենք տանում այս նախագծի ուղղությամբ: Գառնին պետք է դարձնենք ՀՀ «զբոսաշրջային ադամանդը»՝ կապիտալիզացիայով, մենեջմենթով, իսկ հետագայում արդեն այն կարող ենք վերցնել որպես լավագույն օրինակ եւ կրկնօրինակել մյուս վայրերում:

Կարծում եմ՝ ավելի լավ է կենտրոնանալ եւ կյանքի կոչել մեկ կատարյալ ծրագիր, քան 10-ը կիսատ թողնել:

Արմեն Ավակ Ավակյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 46540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo